Արցախում անցկացվել է ազգային ավանդական խաղերի մրցույթ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կազմակերպվել է «Գուպար» խորագրով ազգային ավանդական խաղերի մրցույթ:
Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ազգային ավանդական խաղերի մրցույթին մասնակցել է Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմ:
Մեզ հետ զրույցում «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ գործադիր տնօրեն Երազիկ Հայիրյանը կարևորել է ազգային ավանդական խաղերի վերականգնմանն ու պահպանմանը միտված այս ձևաչափը։
«Ազգային խաղերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ Արցախում վերջին տարիներին աշխույժ ընթացք է ստացել դրանց վերականգնումն ու կիրառումը նմանատիպ միջոցառումների շրջանակներում: Պետական երիտասարդական ծրագրով կազմակերպվող ազգային ավանդական խաղերը մեծ ոգևորությամբ են ընդունվում մասնակիցների և հանրության կողմից: Դրանք ազգայինի պահպանման գաղափարի շուրջ երիտասարդներին համախմբելուն են ծառայում: Մասնակիցները նաև հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, ստեղծել միջհամայնքային կապեր և հետագա համագործակցության հիմքեր»,- ասաց Հայիրյանը։
Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը խոսքով ազգային խաղերն արտացոլում են հայկական ավանդական կենցաղն ու կենսակերպը։
«Մասնավորապես՝ «Կոխ»-ը ռազմի խաղ է, մյուսները՝ տնտեսական այս կամ այն երևույթին են առնչվում: Այս միջոցառումը հայրենասիրական դաստիարակության ձևերից է՝ հատկապես ներկա պամաններում, երբ մեր նյութական և ոչ նյութական ժառանգությունը գտնվում է մեծ մարտահրավերների առջև»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը՝ կարևորելով ազգային խաղերի հանրահռչակումը հատկապես երիտասարդների շրջանում։
Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 4 ազգային ավանդական խաղի մրցույթ, որի արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել Ասկերանի շրջանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի, երրորդ տեղը Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:
Ներկա էր նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը։