Բաժիններ՝

Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու․ այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Մարդը պետք է ծնվի տեղին ու ժամանակին, ու գոյությունը նրա պետք է անհրաժեշտ լինի եւ պետք է ունենա նշանակություն. այսպես էր կարծում հայ կինոյի մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով իր ստեղծագործական կյանքով դարձավ հայկական թատրոնի հիմնասյուներից մեկը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, նրա ծննդյան օրն է։ «Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր, կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանն, ով բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել անձամբ շփվելու Սոս Սարգսյանի հետ՝ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատում է՝ ինչքան Սոս Սարգսյանը մեզնից ֆիզիկապես հեռանում է, նույնքան նրա ոգեղենը, մեզ թողած նրա ստեղծագործական ժառանգությունը մեծանում է:

«Նրա հետ ծանոթացել եմ կես դար առաջ «Ֆիլմ» թերթի խմբագրությունում: Մեր մեծերին նվիրված հոդվածաշար էինք հրապարակելու, խնդրեցի, որպեսզի նա հեղինակի: Պիտի տեսնեիք նրա նվիրումը, պատասխանատվության զգացումը, խորքային գնահատականներն իր կոլեգաներին՝ Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Դավիթ Մալյանին, Գուրգեն Ջանիբեկյանին»,-պատմում է Մաթոսյանն ու շեշտում՝ հիմա Սարգսյանն է նրանց նման այդպիսի մի մեծություն, հայի նրա տեսակը 21-րդ դարի մեր ժողովրդի էտալոնն է` պահպանված հայոց լեռներում:

«Սոս Սարգսյանին ես միշտ անվանել եմ մեր ժամանակների Հովհաննես Թումանյան, եւ դա գերագնահատանք չի եղել: Ես մի գրքույկ եմ հրապարակել, որտեղ ամփոփվել են իմ՝ նրա հետ ունեցած հարցազրույցները։ Ասում էր. «Գիտե՞ս, Ռոբերտ, մի սոսկալի երեւույթ կա այս աշխարհքում: Չգիտեմ ինչից է գալիս, դա հիվանդությո՞ւն է, ի՞նչ է, ո՞նց է ծնվում մարդու մեջ. անունը վախ է, սոսկալի մի բան, մարդուն տակնուվրա անող մի բան: Գիտե՞ս, 1915 թվականը հայ ժողովրդի մեջ բուն դրած վախից նաև սկսվեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: Գերմանացի նշանավոր արևելագետ, Հայկական հարցի գիտակ Յոհաննես Լեփսիուսն ասում է, որ եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար: Բայց, որովհետև համատարած վախ էր մտել մեր ժողովրդի մեջ` մեծից փոքր, ուժեղից՝ թույլ վախվորած էին, էդ վախն ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթվեց վզին, և միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին: Հարցնում ես` ի՞նչը կցանկանայի, որ չկրկնվեր: Ես կուզեմ, որ հայ ազգը այլևս այդ վախի զգացողությունը չունենա»»,-պատմում է Մաթոսյանն ու ընդգծում՝ Սոսն ամբողջ մի մշակույթ է:

Կինոլրագրողն ասում է՝ ապա մի փորձեք մտովի կինոյից հանել նրա ստեղծագործական ժառանգությունը, ինչքա՜ն կաղքատանան կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի «Եռանկյունին»,«Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», Գրիգոր Մելիք-Ավագյանի «Խնձորի այգին» և բազում այլ ֆիլմեր, որոնցում առանցքային դերակատար է եղել Սոս Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդկերպ մենք ոչ միայն կաղքատանանք, այլ նաև հայ մշակույթը պահող սյուներից մեկը կպակասի:

«Մի ուրիշ շերտ է Սոս Սարգսյան հայն ու քաղաքացին։ Ես շնորհակալ եմ բարձրյալին, որ նրա հետ հաղորդակցվել եմ…Նրա խոսքը պահպանվել է «Ֆիլմ», «Գեղարվեստ» թերթերում , «+Կինո» ամսագրում ու իմ գրքույկում»,-եզրափակեց Մաթոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս