Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը Երևանում ներկայացրեց Շեքսպիրի «Լիր արքան»
Վիլյամ Շեքսպիրի ամենահայտնի գործերից մեկը՝ «Լիր արքա» պիեսը, դասական, միևնույն ժամանակ ժամանակակից ու հետաքրքիր ռեժիսորական լուծումներով, դերասանական վառ խաղով երևանյան հանդիսատեսին ներկայացրեց Նովոռոսիյսկի Ամերբեկյանի անվան դրամատիկական թատրոնը:
Ռեժիսոր Կարո Բալյանի բեմադրությամբ «Լիր արքան» ցուցադրվեց Երևանի շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Լիր արքա» պիեսը ճանաչվել է Շեքսպիրի գլուխգործոցներից մեկը։ Յուրաքանչյուր սերունդ դրա մեջ գտնում է իր Լիրին, իր հարցերն ու խնդիրները: Պատմություն, որտեղ ողբերգությունը ծավալվում է ապշեցուցիչ արագությամբ:
Կարո Բալյանը, որը նաև փառատոնի տնօրենն է, հիշեցրեց՝ փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 17-22-ը և հյուրընկալում է հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից: Այս տարի փառատոնն անցկացվում է #SaveCulture #StopAggression թեմայով, որի նպատակն է Հայաստանի ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը, իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։
Լիր արքային մարմնավորած դերասան Եվգենի Կուշպելը բեմադրության ավարտից հետո, որն ընդունվեց բուռն ծափահարություններով, ասաց՝ շատ շնորհակալ է ջերմ հյուրընկալության համար: «Մենք մեծ և բարի սրտով հարավցիներ ենք, որոնք սիրում են ստեղծագործել, հետաքրքիր բեմադրություններ ստեղծել, ֆիլմեր նկարահանել և սիրում են Հայաստանը, քանի որ մեր թատրոնն ասես Երևանի փոքր մասնիկը լինի. այն Ամերբեկյանի անվան է: Մեզ աջակցում է մեր բարեկամ հայկական «Լույս» հիմնադրամը»,-նշեց նա:
Դերասանի խոսքով՝ նման բարդ ներկայացումները դժվար է խաղալ օտար բեմում, սակայն Պարոնյանի թատրոնի բեմում շատ հարմար են զգում ու սիրով խաղացին:
Երևանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Եվրոպական շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: 16-րդ փառատոնն անցկացվում է «Մենք» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: