Կամավոր հանձնել են
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների, նռնականետի արկերի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման առումով առանձնահատուկ էր Մալաթիայի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մաշտոցի բաժնի ծառայողները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ ու մեծ քանակությամբ ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի կամավոր հանձնել է «Մաուզեր» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։