ՃՇՀԱՀ-ում մեկնարկել է Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը
Ճարտարապետության ոլորտում վերականգնման, վերակառուցման աշխատանքները կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ ճարտարապետությունը պատմության լուռ վկան է: Մասնագետների շրջանակներում ամենաթեժ քննարկումները վերաբերում են «ռե» (վերա) նախածանցով գործընթացներին՝ ռենովացիա, ռեկոնստրուկցիա, ռեվիտալիզացիա, ռեստավրացիա. (վերանորոգում, վերակառուցում, վերաարժևորում, վերականգնում): Ըստ մասնագետների նշված ուղղություններն արդիական են և դժվարին՝ պահանջում են միջառարկայական համագործակցություն, հարցում ներգրավված փորձագետների մասնակցություն և միջազգային համագործակցություն:
Կարևորելով ոլորտի այս ճյուղի զարգացումը՝ Ֆրանսիայի ժառանգության պահպանության դպրոցի Ecole de Chaillot-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ մշակած՝ Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը մեկնարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ՝ 1-ամյա լրացուցիչ կրթության ավարտին մասնակիցներին կտրամադրվի «Ժառանգության ոլորտի մասնագետ»/ Master in spere of heritage/ մասնագիտացումը: Կդասավանդեն՝ ժառանգության պահպանության, պատմական միջավայրի և քաղաքաշինության բնագավառում առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ֆրանսիայից։ Ծրագիրը կիրականացվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ուսանողը կարող է ընտրել հետևյալ մոդուլները. Ժառանգության օբյեկտների պահպանման տեսական հիմունքներ, բնակավայրի գենետիկա, վերականգնման և ամրակայման մեթոդաբանություն, ՌԵ-տեխնոլոգիաներ, անշարժ հուշարձանների և պատմական վայրերի կառավարում:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել համակարգային պատրաստվածություն պատմամշակութային ժառանգության պահպանության և վերաարժևորման ոլորտում նաև ղեկավար պաշտոնների հավակնողներին,- իր ելույթում նշեց ծրագրի ղեկավար Նարինե Տյուտչևան:
Ծրագրի գործընկեր կողմերն են՝ ՀՀ-ում և ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունները, Ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գիտական հետազոտությունների «Ռե-Շկոլա» կենտրոնը, վերականգնող ճարտարապետների Ֆրանսիական բարձրագույն «Էկոլ դե Շայոյին» դպրոցը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:
«Պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը չափազանց արդիական է բոլորիս համար: Տարբեր երկրների առաջատար մասնագետների ներգրավումն ու նրանց փորձի համադրումը բարձրորակ կադրերի պատրաստման լավագույն երաշխիքն է, և այս առումով ևս արժևորվում է ծրագրի իրականացումը»,- ծրագրի հանդիսավոր բացմանը ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: