Երիտասարդը Վերին Դվին գյուղի տներից գողություններ է արել․ մի դեպքում՝ 340.000 դրամ ու 16.000 ռուբլի, մյուսից՝ ոսկեղեն ու փող
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Տուժողը 29-ամյա կին էր։ Նրա Վերին Դվին գյուղի տնից գողացել էին ոսկեղեն ու փող։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տուն էին մտել բաց պատուհանով, ապա կոտրել էին ննջարանի դուռն ու գողություն արել։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ մի հաղորդում էլ ստացվել էր հոկտեմբերի 4-ին։ Այս դեպքում ևս տուժողը Վերին Դվին գյուղի բնակիչ էր։ Ինչ-որ գործիքով բացել էին նրա տան պատուհանն ու գողացել 340 հազար դրամ ու 16 հազար ռուբլի։ Բնակարանային գողության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Արտաշատի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների շնորհիվ, որոնց մի մասն իրականացրին հենց Վերին Դվինում, հավաստի տեղեկություններ ձեռք բերեցին, որ երկու դեպքում էլ գործել է նույն անձը։ Խոսքը 24-ամյա մի երիտասարդի մասին է, որը բնակվում է Վերին Դվին գյուղում։
Հոկտեմբերի 12-ին նա հայտնաբերվեց ու ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Գողոնը մասամբ առգրավվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։