«Վրեժի մասին խոսք չի գնում, բայց հսկելու եմ, որ դիմումը քննվի»․ Ավանեսյանը՝ իր աշխատասենյակ ընդդիմադիր պատգամավորների մուտք գործելու միջադեպի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականի հունիսի 9-ին դիմել էր Ազգային ժողով, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունների 3 պատգամավորների մասնակցությամբ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծվեր։
Դիմումը ներկայացնելուց 4 ամիս է անցել, բայց հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, ուստի լրագրողներն այսօր Ավանեսյանի հետ ճեպազրույցում հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում է այդ գործընթացը։
«Աշխատանք էր ընթանում, որպեսզի այդ հանձնաժողովի կազմը որոշվի, և առաջիկայում՝ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում լինելու ժամանակ նաև ունենալու ենք աշխատանքային քննարկում ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ, հասկանալու, թե ի՞նչ ընթացքում է։ Ես ինչպես ասել եմ՝ հետևողականորեն հսկելու եմ, որպեսզի ներկայացված դիմումն ի վերջո քննվի։
Ամենևին վրեժի մասին խոսք չի գնում, բայց, եթե մարդը դիմում է ներկայացնում, պետք է հետևողականորեն դրան հսկի։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է»։
Հարցին, իսկ այն պատասխանատուները, որոնց գործունեության հետևանքով 44-օրյա պատերազմում զոհված տղաների մարմիննեը հատակին էին պահվում, նրանք չպե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, Ավանեսյանը հիշեցրեց, որ տվյալ կենտրոնի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից․
«Իսկ ո՞վ ասաց, որ չպետք է ենթարկվեն։ Դրա շրջանակներում հարուցվեց քրեական գործ, ընթացքի մե՞ջ է, թե՞ ավարտվել է, ես չեմ կարող ասել, կարծեմ՝ դատական քննության ընթացքում էր։ Քաղաքական պատասխանատվությունն այդ աշխատակիցների հեռացումն էր աշխատանքից, և իմ մասով այդքանն էր․․․»։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում՝ 2022 թվականի հունիսի 8-ին, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը և Ասպրամ Կրպեյանը մտել էին Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ և հարց էին ուղղել նախարարին․
«Դավաճան Նիկոլի հետ աշխատելը լա՞վ է․․․»։