Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկվող երկրների հետ
Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ներառվող երկրների հետ:
Այս մասին ասաց Շանդուն նահանգի մշտական կոմիտեի անդամ, գաղափարախոսության վարչության ղեկավար Բեյ Յուգանգը:
«Շանդունը Չինաստանի այն նահանգներից է, որի բնակչության թիվը գերազանցում է 100 միլիոնը: Մենք ամեն ջանք գործադրելու ենք Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ընթացքում նախագահ Սի Ծինփինի ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց նա:
Ըստ Յուգանգի՝ սահմանակից լինելով 9 նահանգների հետ՝ Շանդունը շարունակելու է առաջխաղացումը` նվաճելով նոր հորիզոններ:
«Պետք է մեր ուշադրությունը սևեռենք այն բանի վրա, թե ինչ կարող է Շանդունն անել երկրի համար, որպեսզի առաջատար դեր ստանձնենք զարգացման նոր մոդելի պահպանման և ինտեգրման գործում: Ջանքեր կգործադրենք առավելագույնս ինտեգրվելու մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացներում: Խորացնելու ենք համագործակցությունը Ճապոնիայի, Կորեայի, կենտրոնական և արևելյան Եվրոպայի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկվող երկրների հետ` հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի»,-ասաց նա:
Նահանգը նպատակ ունի առաջատար դեր ստանձնել տնտեսական և սոցիալական զարգացման մեջ նորարարությունների ներդրման գործում, միջավայր ստեղծել տաղանդավոր երիտասարդության համար, ստեղծել գրավիչ բիզնես միջավայր: Մշակվել է Հուանհե գետի ավազանի շրջակա միջավայրը պաշտպանելու արդյունավետ զարգացման ծրագիր:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:
Շանդունը Չինաստանի նահանգներից մեկն է, որն ունի 16 պրեֆեկտուրա, 140 քաղաք: 2020 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը գերազանցում է 101 միլիոնը: Այս նահանգում են գտնվում Տայի լեռը, Դեղին ծովը: Այստեղ է ծնվել Կոնֆուցիոսը: Մարզկենտրոնը Ջինան քաղաքն է: Շանդունը պատմական և մշակութային ուրույն կենտրոն է, ինչին գումարվում են նաև հրաշալի բնապատկերները: Երկուսի համադրման արդյունքում նահանգը դարձել է չինական մշակույթի միաձուլման կենտրոն, որտեղից կարելի է սկսել Չինաստանի ճանաչումը:
Լուսանկարը` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի մամուլի ծառայության