Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները. ծրագրերի հեղինակները կպարգևատրվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները:

Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ վերջիններիս հեղինակության բարձրացմանը:

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի սահմանած նվազագույն շեմը (հանրակրթական ուսհաստատությունների համար՝ սկսած 63 %-ից, նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 59 %-ից) հաղթահարել է 22 ծրագրային առաջարկ, որից 11-ն՝ անհատական, 11-ը՝ խմբային։ Այսպիսով՝ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել 22 ծրագիր՝ 34 անձ։

Ըստ այդմ՝ «Տարվա լավագույններ 2022» մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 185 հայտ, որոնք համապատասխանել են «Տարվա լավագույններ» մրցույթի կարգով սահմանված բոլոր պահանջներին։

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 144 հայտ, հաղթող է ճանաչվել 14 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 3 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 8 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 4 հայտ: Այս անվանակարգում ոչ մի ծրագիր հաղթող չի ճանաչվել։

«Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 հայտ, հաղթող է ճանաչվել 1 ծրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս