Բաժիններ՝

Չինաստանում մտադիր են Շանսի նահանգը դարձնել թվային տնտեսության զարգացման կենտրոն

Չինաստանի Շանսի նահանգում տնտեսական մեծ նվաճումներին զուգահեռ մտադիր են գալիք տարիներին հասնել տեխնոլոգիական նվաճումների:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Շանսիի նահանգային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ և գործադիր փոխնահանգապետ Զանգ Ջիֆուն:

Վերջինը առանձնացրեց, որ նախորդ օրերի ընթացքում նահանգային պատվիրակության անդամները բուռն քննարկում են ծավալել Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բացման ժամանակ նախագահ Սի Ծինփինի ներկայացրած հաշվետվության շուրջ և լիահույս են ապագայի պլաններն ի կատար ածելու գործում:

Նա նշեց, որ Չինաստանի նախագահի զեկույցում առանձնակի տեղ է հատկացված մարդկային ներուժի օգտագործմանը, ինչը վկայում է այն մասին, թե ինչ կարևորություն ունի յուրաքանչյուր չինացի երկրի զարգացման և առաջընթացի համար:

Անդրադառնալով նախորդ տարիներին ձեռքբերումներին՝ նահանգի ներկայացուցիչը փաստեց, որ Շանսին տնտեսական մեծ նվաճումների է հասել:

«Գալով մեր նահանգ՝ դուք կտեսնեք ոչ միայն Շանսի նահանգի, այլ ամբողջ Չինաստանի զարգացման մակարդակը: Կտեսնեք ժամանակակից սոցիալիստական երկիր և նրա ուժեղ զարկերակը»,-ասաց Ջիֆուն:

Վերջինիս խոսքով` այս տարվա սկզբից Շանսի նահանգի արդյունաբերական աճի տեմպերը մնում են երկնիշ. այս ցուցանիշով նահանգն առաջին տեղն է զբաղեցնում երկրում:

Նահանգը նպատակ ունի դառնալ թվային տեխնոլոգիաների և թվային տնտեսության զարգացման կենտրոն՝ օրինակ ծառայելով հարևան շրջանների համար:

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին` Ջիֆուն փաստեց, որ նահանգում ածխի ընդհանուր արդյունահանումը հասել է 10 միլիարդ տոննայի:

«Շանսին մեծ դեր ունի նաև էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,-ասաց նա:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս