Ապացուցողական հիմքերով փաստագրվել է Շուշիում մնացած գեղարվեստի գործերի ավելի քան 1000 նմուշ
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել և ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը:
«Մեր առաջնահերթ խնդիրներից է բացահայտել բոլոր այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում: Բացի պետական թանգարաններից, բռնազավթված տարածքներում կային նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներ: Այսօրվա դրությամբ կարողացել ենք բացահայտել, որ մասնավորապես Շուշիում է մնացել գեղարվեստի գործերի և թանգարանային 13 հավաքածու՝ այդ թվում Կերպարվեստի պետական թանգարանում՝ 658 նմուշ, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակում՝ 51, ինչպես նաև Արվեստի կենտրոնի ցուցասրահում՝ 66, Նարեկացի Արվեստի Միության հավաքածուից՝ 36 , Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահում՝ 168 նմուշ, Արտակ Պողոսյանի՝ 20, Դավիթ Ավագիմյանի՝ 37 նմուշ»,-մանրամասնեց Շահվերդյանը՝ հավելելով, որ Շուշիում են մնացել նաև բերդաքաղաքի պատմության պետական, Երկրաբանության Արցախյան գորգի/մասնակի/, Դրամագիտության թանգարանների, Պատկերասրահի և Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուները:
«Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է, որովհետև հնարավոր է ի հայտ գան անձինք, ովքեր այնտեղ ինչ-որ հավաքածուներ ունեին: Ընթացքում այս ցանկը համալրման ենթակա է»,-նշեց բանախոսը:
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգողի խոսքով՝ ամենադժվարը գործընթացն այդ հավաքածուներում պարունակվող մշակութային արժեքները բացահայտելն է: Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային ու գեղարվեստի հավաքածուները, այլ նաև դրանց ցանկերը: « Բոլոր փաստաթղթերը, որոնք պիտի պահվեին թանգարանին, մնացել են Շուշիում: Ուստի պարտավորված էինք նորից հավաքագրել: Այդ ցուցակներն ունեն նաև ապացուցողական հիմք, այսինքն՝ ցանկում ընդգրկված են լուսանկարներ կամ տեսանյութեր»,-ընդգծեց Շահվերդյանը՝ ավելացնելով, որ Շուշիի որոշ թանգարանների գեղարվեստի կորուսյալ հավաքածուների ցուցանմուշների զգալի մասը տրամադրվել էր անհատների կողմից ժամանակավոր ցուցադրության համար:
Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսին ներկա էին նաև Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նախագահ, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը: