
Ղրղզստանի ՊՆ-ն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ զորախումբ տեղակայել

Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ իր հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի Բիշքեկի ծառայությունը, հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Զասի հետ քննարկել է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը:
«Վերջերս հանդիպել եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ես նրան ասացի, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի, քանի որ ղրղզներն ունեն իրենց ճշմարտությունը, իսկ տաջիկները՝ իրենց։ Մեր միջև պետք է կանգնի երրորդ դատավորը, օրինակ ՝ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ փոքր զորախումբն իր առաջադրանքներով՝ վերահսկի հրադադարի ռեժիմը և հեռացնի պետական սահմանից ծանր սպառազինությունը։ Եթե նրանք լուծեն այս երկու հարցերը, ապա կարելի է սկսել քննարկել ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման քաղաքական խնդիրները», – ասել է Բեքբոլոտովը։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարը Ղրղզստանի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ բանակին քննադատելուց, քանի որ քաղաքացիների որոշ հայտարարությունները օգնում են «ապակառուցողական ուժերին»: