Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը
Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Այս մասին նշում է հնդկական ThePrint առցանց թերթը։
«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։
Ըստ թերթի՝ Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:
ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։
ThePrint-ի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։
«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ: