
Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:
Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։
Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: