Լեհաստանը չի վերսկսի ածխի ներմուծումը Ռուսաստանից
Լեհաստանը Ռուսաստանից ածխի ներմուծումը վերսկսելու հնարավորություն չի տեսնում: Այդ մասին հայտարարել է կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան, հանդես գալով Zet ռադիոկայանի եթերում:
«Մենք նման հնարավորություն բոլորովին չենք տեսնում երկու պատճառով. մենք չենք ցանկանում Ռուսաստանի Դաշնության ոչ մի էներգառեսուրս, ոչ մի ֆինանսավորում: Երկրորդ՝ հաջորդ սեզոնը լինելու է շատ ավելի պարզ, մենք կարող ենք ներմուծել, ավելացնում ենք արդյունահանումը»,-ասել է Մոսկվան:
Դրա հետ մեկտեղ նա պնդում է, որ ածխի ներմուծումը Ռուսաստանից նվազեցնելու է Լեհաստանի անվտանգությունը:
«Լեհաստանում բոլորի համար, այդ թվում՝ տարեց մարդկանց համար, անվտանգությունը կարեւոր է լայն ըմբռնմամբ՝ ռազմական անվտանգություն եւ սահմանների անվտանգություն: Ցանկացած աջակցություն Ռուսաստանի Դաշնությանը հակասում է մեր անվտանգությանը»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ Լեհաստանը լիովին արգելել է ածխի ներմուծումը Ռուսաստանից: Դա կտրուկ անդրադարձել է ածխի հասանելիության վրա շուկայում եւ դրա գնի վրա: Ստեղծված իրադրության կապակցությամբ ինքնակառավարման տեղական մարմինները ստիպված են գնալ խնայողության արմատական միջոցների. անջատել փողոցային լուսավորությունը, շենքերի լուսատուները, փողոցների շատրվանները, դադարեցնել մարզական շինությունների աշխատանքը:
Լեհաստանի մի քանի համալսարաններ արդեն հայտարարել են, որ անցնելու են ուսուցման հեռավար ռեժիմի՝ ջեռուցման եւ լուսավորության խնայողության նպատակներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: