Աշխարհի 20-ից ավելի երկրներ Իրանին խնդրել են մարտական անօդաչուներ մատակարարել իրենց
Աշխարհի 20-ից ավելի պետություններ հետաքրքրված են եւ դիմել են Իրանին՝ խնդրելով մարտական դրոններ մատակարարել իրենց: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի օգնական եւ գլխավոր ռազմական խորհրդական գեներալ-մայոր Յախյա Սաֆավին:
«Այժմ մենք հասել ենք այն իրավիճակի, երբ 22 երկրներ դիմել են մեզ՝ խնդրելով մարտական անօդաչուներ վաճառել իրենց»,-ISNA գործակալությունը մեջբերում է Սաֆավիի խոսքերը 1979 թվականին Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո գիտության եւ տեխնիկայի տարբեր բնագավառներում Իրանի նվաճումների եւ երկրի զինված ուժերում նորագույն ձեռքբերումների ներդրման վերաբերյալ:
Նա նաեւ ընդգծել է մարտական գործողությունների ղեկավարման ինտեգրացված եւ պաշտպանական համակարգի մշակման ու ստեղծման խնդրի լուծման կարեւորությունը:
Սեպտեմբերի 8-ին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման է հասել մարտական անօդաչու թռչող սարքերով իր զինված ուժերը մատակարարելու գործում: Վերջերս ներկայացվել է Shahab նոր մարտական ԱԹՍ-ն, որը ենթադրում է ավելի քան 3 հազար մետր բարձրության առավելակետ, կարող է օդում գտնվել մինչեւ 8 ժամ անընդմեջ եւ առաջադրանքներ կատարել 200 կիլոմետր ընդգրկույթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: