ԿԳՄՍ փոխնախարարներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ կրթության ոլորտում տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ իրականացված ծրագրերը՝ առանձնահատուկ ընդգծելով ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բանկին ՀՀ կրթության ոլորտի մի շարք իրավական փաստաթղթերի մշակման գործում ցուցաբերած աջակցության համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է բանկի հետ համագործակցության ուղիներին և արձանագրված լավագույն փորձին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը դպրոցաշինության ոլորտում սահմանել է բավականին հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրն» աջակցություն է այդ թիրախների իրականացմանը: Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության վերջին նիստում վերոնշյալ ծրագրում ընդգրկված 10 դպրոցների տրամադրվել է գույք՝ կրթական միջավայրն առավել ամբողջական դարձնելու նպատակով:

Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն մեծ օգնություն էր համավարակի ժամանակ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այլև ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն:

Նախարարի տեղակալներն Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը ներկայացրել են ԲՏՃՄ առարկաների չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչպես նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հիմնական ուղղությունները:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունը, որը կարող է ներառել նաև մարդկային ռեսուրսների զարգացումը: Հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ ԱԶԲ-ն կուսումնասիրի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող միջոցառումների շրջանակը՝ հնարավոր աջակցության ծրագրեր իրագործելու համար: Նշվել է, որ ԱԶԲ-ն հանդես կգա հնգամյա ծրագրով, որտեղ կարող են ներառվել նաև կրթության ոլորտին ուղղված աջակցության ծրագրեր՝ Կրթության զարգացման պետական ծրագրում նախանշված նպատակներին հասնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս