«Ավտոմատի, պուլիմյոտի կրակոցները գիշերվա ժամերին մշտական կան»․ Հակոբ Ավետյան
Թշնամին երեկ գիշերը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ից հայտնում են, որ կրակոցները եղել են Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածում․
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ՝ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամու կողմից արձակվող կրակոցները, հատկապես սեպտեմբերի 13-ին սանձազերծած պատերազմից հետո, մշտական բնույթ են կրում։
«Այդ կրակոցները հատկապես գիշերվա ժամերին դարձել են ամենօրյա, ավտոմատի, պուլիմյոտի կրակոցները մշտական կան, մեր ժողովուրդն արդեն դրանից էդքան էլ չեն անհանգստանում, ճիշտ է, դա վախ է առաջացնում, հատկապես երեխաների մոտ, բայց այն, ինչ տեսանք սեպտեմբերի 13-ին՝ ռմբակոծությունները, դրանից հետո բնակիչներն այս կրակոցներին թեթև են նայում, բայց, եթե դրանք այսպես շարունակական եղան, ժողովրդի մոտ հաստատ այն վիճակը կստեղծվի, որ մարդիկ այստեղ ապրելու իմաստ չեն տեսնի, ամեն դեպքում սրա դեմն առնել է պետք։ Եթե չկարողանան այդ հանգիստն ապահովել, որ մարդիկ իրենց աշխատանքով զբաղվեն, արդեն իսկ հիասթափված ժողովուրդն այլ ելք չի ունենա, քան լքել տարածքները»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Նրանից հետաքրքրվեցինք՝ կրակոցները միայն դիրքերի՞ ուղղությամբ են լինում, թե՞ թշնամին նախկինի պես թիրախավորում է նաև գյուղերը, հարցրեցինք նաև՝ երեկվա կրակոցների հետևանքով վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ․
«Կրակոցները հիմնականում դիրքերի ուղղությամբ են․վիրավորների վերաբերյալ այս պահին տեղեկություն չունեմ, ամենայն հավանականությամբ վիրավորներ չունենք»։
Հակոբ Ավետյանն ասաց, որ 1 ամսից ավելի է, ինչ գյուղերը կիսադատարկ վիճակում են, մարդկանց մեծ մասը սեպտեմբերի 13-ի թշնամու հարձակումից հետո վախենում է վերադառնալ տուն․
«Արդեն բոլոր գյուղերը համարյա 50-60 տոկոսով դատարկված են։ Սոթքի դպրոցը համարյա չի էլ գործում, մի քանի երեխա է, դե, ամենաշատ ռմբակոծությունը եղավ այստեղ․․․
Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Սոթքում և Կութում գրեթե դիրքային փոփոխություն չի եղել, իսկ Կուտականում, Կախակնում, Վերին Շորժայում թշնամին ավելի է առաջ եկել, ավելի կարևոր բարձունքներ գրավել, ինչի հետևանքով այդ գյուղերը ևս հայտնվել են թշնամու ուղիղ թիրախի տակ․․․»։