
ԿԸՀ անդամների ընտրության օրը Վահագն Հովակիմյանի ու Հայկ Կոնջորյան միջև խոսակցություն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թեեւ արդեն աշխատանքի է անցել, բայց քաղաքացիական հասարակության համայնքի ներկայացուցիչներն ու իրավաբանները շարունակում են պնդել՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Հովակիմյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է ու կուսակցական գործունեությունը անկախ հանձնաժողով գործուղվելուց օրեր առաջ է դադարեցրել. եթե խորհրդարանում ինքն իրեն չընտրեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ՝ ԿԸՀ նախագահ չէր ընտրվի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԸՀ անդամների ընտրության օրն ԱԺ-ում Հովակիմյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջեւ խոսակցություն է եղել: «Այդ օրն ԱԺ-ում 67 ՔՊ-ական պատգամավոր կար, որոնցից 2-ը Կոնջորյանին խնդրել են անձնական գործերով լքել ԱԺ-ի շենքն ու չմասնակցել ԿԸՀ անդամների քվեարկությանը: Կոնջորյանն Հովակիմյանից հետաքրքրվել է՝ բավականացնում են արդյոք ՔՊ պատգամավորների ձայները, եթե ԱԺ-ում կան ընդամենը 65 պատգամավորներ: Հովակիմյանն ասել է, թե խնդիր չի լինի, ինքն իրեն քվեարկի, եւ 65 հոգին կլրանան»,- պատմեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկել է ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի օգտին՝ առաջացնելով հակասահմանադրական իրավիճակ: Հիշեցնենք, որ Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի ընտրվելու հարցը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ առաջիկայում Սահմանադրական դատարանում կվիճարկվի»: