Անտեսանելի համակա՞րգ, թե՞ շարքային սուտ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս հունիս ամսին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ավետեց, որ սույն թվականի օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չի տեղադրել կամ վկայագրել լիցենզավորված կազմակերպությունը: Շատերը շտապեցին մինչեւ 10-15 հազար դրամ վճարելով` վկայագրել, ավելի շատ վարորդ զերծ մնաց: Արդյունքում, հայտարարությունից անցել են ամիսներ, բայց վարորդներից որեւէ մեկը վկայագիր չի պահանջում: Ինչո՞ւ, արդյոք իշխանությունները հասկացե՞լ են, որ հերթական անիմաստ,ավելին` ապօրինի եւ միայն ոմանց համար «օդից» շահապահով ողորոշում էին կայացրել: Թե՞ պարզ դարձավ, որ չեն կարող վերահսկել:
Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից մեզ տվեցին հետեւյալ անտրամաբանական պատասխանը.
-Մեքենան մուտք գործելիս լցակայան արդեն իսկ ֆիքսվում է մեքենայի համարանիշը, որը մուտք է գործում համակարգ: Պարտադիր չի, որ վարորդից պահանջեն կամ վարորդը նկատի: Եթե վկայագիրը չի լինում, մեքենան չի լիցքավորվում:
-Իսկ ունե՞ք վիճակագրություն, քանի՞օրինազանց վարորդ է տուգանվել, կամ քանի լցակայան է առանց տվյալ վկայագրի լիցքավորել մեքենան:
-Մենք նման վիճակագրություն չենք վարում:
Ճիշտ են ասում: Փորձի համար մեքենայով, որը որեւէ ստուգում չէր անցել, հանգիստ մտանք մայրաքաղաքային առաջին իսկ պատահած գազալցակայանը, գազ լցրեցին, եւ դուրս եկանք: Ոչ մի բան էլ չի ֆիքսվել»: