Բաժիններ՝

Գավառ քաղաքում տեղի է ունեցել բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Գավառ քաղաքում տեղի է ունեցել բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնական այլ անձինք, Գավառ համայնքի ակտիվ երիտասարդներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի , Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եւ Գավառի համայնքապետարանի համագործակցության արդյունքում: Երիտասարդների տունը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մոդելով ստեղծված 5-րդ կենտրոնն է Հայաստանում:

Ողջույնի խոսքերով ու ելույթներով հանդես են եկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վեյգանդը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։

Ընթերցվել է նաեւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ուղերձը:

Այնուհետև հյուրերը ծանոթացել են կենտրոնի շենքային պայմաններին ու հնարավորություններին։ Գավառ համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ երիտասարդական կենտրոնի գործունեության շարունակականությունն ապահովելու համար Գավառի համայնքապետարանը յուրաքանչյուր տարի համապատասխան միջոցներ է հատկացնելու կենտրոնի շահագործման, այդ թվում՝ անձնակազմի աշխատավարձերի եւ կոմունալ ծախսերը հոգալու համար։

Երիտասարդական կենտրոնի տարածքը բարեկարգվել է Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով։ Այս նպատակի համար հատկացվել է շուրջ 22 միլիոն դրամ։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերանորոգել եւ կահավորել են կենտրոնը եւ տրամադրել տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացման խաղեր, ուսումնական եւ այլ նյութեր:

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է նաեւ կենտրոնի աշխատակազմի հավաքագրում եւ վերապատրաստում՝ երիտասարդական աշխատանքի ոլորտում: Հետագա հինգ տարիներին կենտրոնի գործարկումը եւս իրականացնելու է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գավառի համայքապետարանի հետ համագործակցությամբ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս