Իրանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու հերթական մեղադրանքները

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 17-ին հերքել է վերստին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարումների մասին՝ Ուկրաինայի մարտական գործողություններում դրա օգտագործման համար:

Հոկտեմբերի 17-ին Իրանի կողմից Ռուսաստանին սեփական արտադրության բալիստիկ հրթիռների իբր պլանավորվող մատակարարման մասին հաղորդել է Washington Post թերթը: ԱՄՆ-ի հետախուզության պնդմամբ, որին վկայակոչում են լրագրողները, խոսքը փոքր հեռահարության Fatah-110 եւ Zolfgar հրթիռների խմբաքանակի մասին է, որոնք կարող են թիրախը խոցել 300 եւ 700 կիլոմետր տարածության վրա: Հրատարակությունը պնդում Է, որ Իրանը նաեւ պատրաստում է «լրացուցիչ» անօդաչու թռչող սարքերի մատակարարումներ Ռուսաստանին:

«Ցավոք, հրապարակվում են նորություններ, որոնք հետապնդում են քաղաքական նպատակներ եւ, հիմնականում, դրանք սնուցվում են տեղեկատվության արեւմտյան աղբյուրների կողմից»,- Eqtesad News գործակալությունը մեջբերում Է Քանաանիի խոսքերը: Նա ասել է, որ իրանական կողմը քանիցս նշել է, որ հակամարտության որեւէ կողմին զենք չի արտահանել եւ չի արտահանելու:

«Ճիշտ այնպես, ինչպես Իրանը դեմ Է եղել պատերազմին Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանաստանում: Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված Է պատերազմին հակազդելու վրա: Այսպիսով, Իրանը դեմ է հանդես գալիս պատերազմին Ուկրաինայում: Դրա համար նա ներդնում է ջանքեր՝ հենվելով իր հնարավորությունների վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին»,-հավելել է իրանցի դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս