ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական փաթեթը
Արտաքին գործերի գծով ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի նիստում որոշում է ընդունել Ուկրաինային Եվրամիության 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու մասին:
«ԵՄ-ի անդամ պետությունների կողմից լրացուցիչ 500 մլն եվրոյի հատկացումը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ մենք առաջվա պես հաստատակամորեն աջակցում ենք ուկրաինական զինված ուժերին (…) Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի»,- հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որի խոսքերը մեջբերվում են խորհրդի հրապակած կոմյունիկեում:
Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչեւ 3,1 մլրդ եվրո:
Նոր մասնաբաժնի 490 մլն եվրոն կծախսվի ռազմական տեխնիկայի գնման վրա, 10 մլն եվրոն կուղղվի անհատական պաշտպանության միջոցների, առաջին օգնության դեղարկղիկի եւ վառելիքի ծախսերի փակմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: