
Պուտինը երբեք մտադրություն չի ունեցել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը երբեք իր առջեւ նպատակ չի դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ «Եր-բե՛ք»:
Ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը իր առջեւ նպատակ չեն դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Եվ նման անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է Լուկաշենկոն NBC-ին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակել է «Պուլ-Պերվովո» տելեգրամ-ալիքը: Միեւնույն ժամանակ Բելառուսի նախագահը խորհուրդ է տվել «իր հարեւանին եւ նույնիսկ մրցակցին» անկյուն չքշել:
«Պետք չէ անցնել կարմիր գիծը»,-նախազգուշացրել է նա: Լուկաշենկոյի խոսքով՝ ցանկացած զենք, այդ թվում՝ միջուկայինը, ստեղծվում է առաջին հերթին օգտագործման համար: Իսկ ՌԴ-ում հստակ նշել են դրա հնարավոր կիրառման տեսակետը, նշել է նախագահը: «Եթե, Աստված չանի, հարձակում լինի Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, այդ դեպքում Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կօգտագործի զենքի բոլոր տեսակները»,-հայտարարել է Լուկաշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: