«Վրաստան» թերթի խմբագիրը պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու պատվո բարձր՝ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով
Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում, Սուրբ պատարագին ներկա Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի, հավատացյալների ներկայությամբ, հանդիսավորապես ընթերցվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակը, որով Հայոց Հայրապետը բարձր գնահատելով Վան Բայբուրթյանի գործունեությունը, «Վրաստան» հասարակական-քաղաքական թերթի գլխավոր խմբագիր, հասարակական, քաղաքական եւ համայնքային վաստակաշատ գործիչ, Հայոց եկեղեցու նվիրյալ հետեւորդ, Վրաստանի եւ Հայաստանի պետական կառույցների, հոգեւոր բարձրագույն ատյանների բազմակի անդամ, հայ-վրացական բարեկամության ջատագով, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վան Բայբուրթյանին պարգեւատրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր՝ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Վրաստան» թերթի հրապարակման մեջ:
Թերթը մեջբերել է Վեհափառ Հայրապետի Կոնդակը, որում, մասնավորապես, ասված է.
«Դուք պետական տարբեր պաշտոններ եւ պատասխանատու յանձնառութիւններ եք ստանձնել Վրաստանում՝ ծառայելով երկրի առաջընթացին եւ բոլոր հանգամանքների մեջ միշտ ջանալով աջակցութիան բերել Վրաստանի Հայոց թեմի առաքելութեան բարւոք իրականացման, Վրաստանի հայ համայնքի զօրացման ու համախմբման գործին։ Երկրի անկախացման դժուարին տարիներին Ձեր հիմնադրած «Վրաստանի Հայ մշակութային բարեգործական ընկերութիւնը», յետագայում՝ «Վրաստանի հայերի միութիւնը» կարեւոր գործունեութիւն իրականացրեց վիրահայոց կեանքում՝ արժանացնելով Ձեզ հայ համայնքի անկեղծ յարգանքին։ Յատկապես գնահատարժան է Ձեր ներդրումը Թբիլիսիում հայկական դպրոցների եւ մշակութային օջախների պահպանման եւ զարգացման գործում, ինչպես նաեւ հետեւողական ջանքերը Վրաստանի խորհրդարանում՝ ի խնդիր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման:
Անձնապես ճանաչելով Ձեզ իբրեւ հաւատաւոր եւ նախանձախնդիր հայորդու՝ բազում անգամներ առիթ ենք ունեցել հիուրընկալելու Ձեզ համայն հայութեան հոգեւոր կենտրոնում, հաղորդ դառնալ Ձեր ազգօգուտ ծրագրերին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական անկեղծ զգացումներին»։