ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը երկրում ջեռուցման դիմաց վճարումների աճ է սպասում ձմռանը
ԱՄՆ-ի տնատնտեսությունների մեծամասնությունն առաջիկա ձմռանն ավելի շատ փող կծախսի ջեռուցման դիմաց վճարումների համար, քան անցյալ տարի: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկայի տեղեկատվական վարչության (EIA) հաշվետվության մեջ: Մասնավորապես, գազով ջեռուցման դիմաց միջին հաշիվը կարող է աճել 28 տոկոսով:
«ԱՄՆ-ում տների գրեթե 90 տոկոսը հիմնականում ջեռուցվում են բնական գազի կամ էլեկտրականության օգնությամբ: Միջին հաշվով մենք սպասում ենք, որ այս ձմռանը բնական գազի մեծածախ գները ավելի բարձր կլինեն, քան անցյալ ձմռանը, ինչն այս ձմռանը կհանգեցնի ինչպես բնական գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի մանրածախ գների բարձրացման:
Բնական գազն առավել տարածված վառելիքն է, որը Միացյալ Նահանգներում օգտագործվում է էլեկտրաէներգիայի մշակման համար»,-նշում է գերատեսչությունը:
ԱՄՆ-ում ջեռուցման գազի բաժինը հասնում է մինչեւ 47 տոկոսի, էլեկտրականությանը՝ մինչեւ 41 տոկոսի: Գազով ջեռուցման ծախսերն ընթացիկ ջեռուցման սեզոնին (հոկտեմբեր-մարտ) միջին հաշվով կկազմեն 931 դոլար, ինչը 206 դոլարով կամ 28 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, կանխատեսում են ELA-ում:
Հաշիվների նման բարձրացումը պայմանավորված է ինչպես գազի մանրածախ գների աճով, այնպես էլ ավելի ցուրտ ձմռան պատճառով սպառման սպասվող ավելացմամբ:
Մազութով ջեռուցման դիմաց հաշիվների աճը կկազմի 27 տոկոս (միջին հաշվով մինչեւ 2,35 հազար դոլար), էլեկտրականությամբ՝ 10 տոկոս (մինչեւ 1,36 հազար դոլար), պրոպանով՝ 5 տոկոս (մինչեւ 1,67 հազար դոլար), ասվում է հաշվետվության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։