ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականների շախմատի հավաքական թիմը մրցանակային տեղ է գրավել հանրապետական սպարտակիադայում
«Հայաստանի Հանրապետության մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջեւ Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակներում Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել են շախմատի եզրափակիչ փուլի մրցումները, որտեղ մրցանակային երրորդ տեղը բաժին է հասել Գեղարքունիքի մարզի հավաքական թիմին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցումներին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի եւ Երեւանի հավաքական թիմերը: Մրցաշարը թիմային էր: Թիմերի կազմում ընդգրկված էին 3-ական տղա եւ 3-ական աղջիկ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմի կազմում հանդես են եկել Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս), Սուրեն Մովսիսյանը (Վարդենիկ), Նարեկ Բազիկյանը (Գավառ), Մարի Պետրոսյանը (Վարդենիկ), Իռեն Մանուկյանը (Գավառ) եւ Լիլիա Զիրոյանը (Վարդենիկ):
Մրցումներն անցկացվել են շրջանաձեւ մրցակարգով` 11 փուլով: Յուրաքանչյուր խաղափուլում խաղացողին տրված էր 10 րոպե ժամանակ` ամեն մի քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցավարական հանձնաժողովն ամփոփել է երկօյա մրցապայքարի արդյունքները եւ հրապարակել հաղթող թիմերի անունները: Առաջին տեղը նվաճել են Շիրակի, երկրորդ տեղը՝ Լոռու, երրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմերը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգեւատրվել են գավաթով, իսկ թիմի անդամներին հանձնվել են փոքր գավաթներ, մեդալներ եւ հավաստագրեր:
Խոսրով Խլղաթյան