ՔԿ պաշտոնյան խոշոր չափի՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել եւ ստացել. ԱԱԾ
Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ-ի և Ա. Ջ-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ.Մ-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք:
Նույն միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Վ.Ա-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Կ.Խ-ի թոռան օգտին գործողություններ կատարելու, այն է` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 2.031.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Պարզվել է նաև, որ 2022 թվականի հուլիսի 22-ին Մասիս-Այնթապ ավտոճանապարհին նույն գործով մեղադրյալ Ա.Հ-ի վարած ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա-ն, ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, կաշառք-գումարի դիմաց միջամտել է նախաքննությանը, որի արդյունքում Ա.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ խաթարվել է արդարադատության շահը:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համակարգված քննչական գործողությունների արդյունքում Վ. Ա-ն, Ա. Հ-ն, Ա. Ջ-ն, Կ. Խ-ն և Գ. Մ-ն բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: