Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանն առարկայական քննարկում է եղել ապաշրջափակման հարցերի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:
«Անցկացվել է առարկայական քննարկում տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Քննարկում է եղել նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի և երեք երկրների հասարակական ներկայացուցիչների և փորձագետների երկխոսության վերաբերյալ: Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները՝ տարբեր մակարդակներում»,- նշված է հաղորդագրության մեջ: