Բաժիններ՝

«Փյունիկը» շարունակում է պայքարը փլեյ-օֆֆի համար․ «Ժալգրիս»-«Փյունիկ»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Փյունիկ»-ը արտագնա խաղում կմրցի «Ժալգիրիս»-ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Ժալգիրիսը» խմբում չորրորդ հորիզոնականում է, սակայն, այնուամենայնիվ, «Սլովանի» հետ խաղում (0:0) կարողացավ սենսացիոն հաշիվ գրանցել։ Իհարկե, ներքին առաջնությունում թիմը խնդիրներ չունի և մի քանի խաղ պահուստում ունենալով հարմարավետ տարբերությամբ առաջատար է։ Լիտվացիները օրեր առաջ 4։0 հաշվով հաղթել էին «Յոնավային»։

«Փյունիկը» բոլորին անակնկալ է մատուցում Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում և լավ հնարավորություն ունի նվաճելու փլեյ-օֆֆի ուղեգիր՝ թիմն արդեն վաստակել է վեց միավոր և քառյակի երկրորդ տեղում է: Հայկական թիմը միակ պարտությունը կրեց «Բազելից»՝ 1։2 հաշվով։ Ներքին առաջնությունում թիմը չորրորդ տեղում էր։ Օրերս ակումբը չկարողացավ հաղթահարել «Արարատի» հետ խաղում (0:1):

Թիմը ռեալ հնարավորություն ստացավ պայքարելու եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆի համար, սակայն դրա համար այսօր անհրաժեշտ է երեք միավոր վաստակել։

«Մեզ համար սա շատ կարևոր հանդիպում է: Բայց լավ պատրաստ ենք այս խաղին, զգում ենք պատասխանատվությունն ու գիտենք, թե ուր ենք եկել ու ինչի հետևից: Մեր ազգը հաղթանակի կարիք ունի և արժանի է վայելելու հաղթանակի բերկրանքը»,-ասում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Մարզիչը կարևորում է իր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի և մարզչի՝ նշելով, որ բոլորը մեծ դեր ունեն։ «Թիմում կա մրցակցություն։ Լավ ենք պատրաստվել այս խաղին, գիտեմ, որ «Ժալգիրիսի» մարզիչը սիրում է փորձարկումներ անել․ մենք պատրաստ ենք ամեն ինչի։

Արհեստական խոտածածկն կարող է խանգարել, որ խաղը մեր ծրագրով չընթանա։ Բայց  մոտիվացիա ունենք, և մեզ պետք է 3 միավոր։ Թեև ոչ-ոքին նույնպես լավ արդյունք կլինի մեզ համար, մենք եկել ենք հաղթանակի հետևից։

Երևանյան ակումբի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն նշում է, որ թիմում տրամադրվածությունը բավական լավ է, բոլորըկենտրոնացած ենք հանդիպման վրա:

Ֆուտբոլիստի խոսքով՝ իրենք պետք է ձգտեն շարունակել հաջողությունը և կանեն ամեն ինչ լավ տեսք ունենալու համար։

Խաղի մասին է խոսել նաև «Փյունիկի» մեկ այլ ֆուտբոլիստ՝  Ալեքսանդեր Գոնսալեսը․ «Մենք ուրախ ենք, որ կարող ենք օգտակար լինել ակումբին։ Անկասկած շատ լավ է, որ մեր ակտիվում արդեն ունենք այս քանակի միավորներ։ Թիմի ամբողջ ուժերը կենտրոնցած են մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու վրա»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս