
ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախից Հայաստան եկած պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանն Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից: Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակի վերաբերյալ: