Արևմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են հնչում, այլ երկու կողմերին աջակցելու ջանքեր են. ԱԳ փոխնախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարված իրավիճակը կարգավորելու առնչությամբ Արևմուտքից ոչ թե հնչում են կոնկրետ առաջարկներ, այլ ձեռնարկվում են կողմերին աջակցելու ջանքեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արևմուտքից կոնկրետ ինչ առաջարկներ են հնչում:
«Արևմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են հնչում, այլ ջանքեր են, որ աջակցեն երկու կողմերին»,-ասաց փոխնախարարը:
Խոսելով խաղաղության պայմանագրի համար Բաքվի ներկայացրած առաջարկներից՝ փոխնախարարը հիշեցրեց, որ հայկական կողմի համար սկզբունքային անընդունելի կետեր չկան ներկայացված առաջարկներում: «Այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները: Այս պահին ընթանում են աշխատանքներ: Գործընթացը, երկու կողմերից հաստատվել է, որ ընթանում է առանց նախապայմանների, այդ տրամաբանությունը պահպանվում է»,-ասաց Հովհաննիսյանը: