Բաժիններ՝

«ռեԱրմենիա»-ն և «Ապագա հայկականը հիմնադրամ»-ը համատեղ ծրագրեր կիրականացնեն. կողմերը հուշագիր են ստորագրել

«ռեԱրմենիա»-ի և «Ապագա հայկականը հիմնադրամ»-ի միջև հոկտեմբերի 13-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց:

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են հանդես գալ համատեղ նախագծերով և նախաձեռնություններով, նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը, կազմակերպել համատեղ միջոցառումներ, ապահով փորձի փոխանակում իրականացնել, համատեղ աշխատանքային խմբեր ձևավորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծումներ ստանալու նպատակով:

«Մեր նպատակները նույնն են. ցանկանում ենք հայությանը համախմբել արդյունավետ համագործակցության շրջանակում: Թե՛ «Ապագա հայկականը հիմնադրամ»-ի, թե՛ մեր շուրջ հավաքված համայնքն իր գիտելիքով, փորձով և ֆինանսներով էլ ավելի արդյունավետ պետք է լուրջ խնդիրներ լուծի, չափելի արդյունքների հասնի: Հուշագրի ստորագրումն ընդամենն առաջին քայլն է: Հույս ունեմ, որ կաշխատենք տարբեր ուղղություններով, բազմազան նախագծերով կներկայանանք, քննարկումներով և հայեցակարգերով առաջ կգնանք»,-նշեց «ռեԱրմենիա»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը հիբրիդային պատերազմում է: Ըստ Պողոսյանի՝ առնվազն հինգ ուղղությամբ թեժ պայքար է ընթանում: «Մեկը դիվանագիտական կորպուսն է, մյուսը՝ տնտեսական, հետո՝ մշակութային, մեդիապատերազմն ու տաք պատերազմը՝ գետնի վրա: Այս ուղղություններից որևէ մեկում պարտությունն ուղիղ ազդեցություն կունենա մյուս ուղղության վրա: Սա գիտակցելով՝ բոլորիս ուժերը պետք է ուղղենք բոլոր դաշտերում հաղթանակներ տանելուն»,-շեշտեց Պողոսյանը:

«Ապագա հայկականը հիմնադրամ»-ի համագործակցության և ծրագրերի ղեկավար Կարեն Դադուրյանը կարևորեց հուշագրի ստորագրումն ու ընդգծեց՝ փորձելու են անել հնարավորը, որ հուշագրի ստորագրումը հստակ ծրագրերի ուղղված լինի: «Մեր հիմնադրամն ունի համահայկական 19 նպատակ, որոնց իրականացմանն աջակցում է նաև ժողովուրդը: Հաշվի առնելով այդ նպատակները՝ մշակվելու են հստակ ծրագրեր: Դա կարող է տեղի ունենալ համաժողովի միջոցով, որը կազմակերպվելու է մարտին»,-ասաց նա:

Դադուրյանը տեղեկացրեց, որ համաժողովը պետք է ավելի վաղ կայանար, սակայն հետաձգվել է Հայաստանում սրված իրավիճակի պատճառով: «Փորձում ենք աջակցել այն համայնքներին, որտեղ ամենաշատը օգնության կարիք կա, այսինքն՝ պատրաստվածություն, ճգնաժամային մենեջմենթ: Կլինի ռեսուրսների, գործընկերների հավաքագրում, ցանցի ստեղծում, որի միջոցով կյանքի կկոչվեն նախաձեռնությունները»,-ընդգծեց Կարեն Դադուրյանը:

«ռեԱրմենիա»-ն և «Ապագա հայկականը հիմնադրամ»-ը նպատակ ունեն համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս