ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատուներ Խավիեր Բոտերոյին ու Գոհար Մալումյանին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը.

«Բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ առաջին հերթին հանրակրթության համակարգի բարեփոխման շրջանակում»։

Կարևորելով սկսված բարեփոխումների շարունակականությունը՝ նա շեշտել է, որ Համաշխարհային բանկը կրթության բարեփոխումների կարևոր միջազգային գործընկերն է՝ փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալները ներկայացրել են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները և անդրադարձել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին։

Նախարարի տեղակալները տեղեկացրել են, որ օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». հաջորդաբար մշակվելու է ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանը։ Այս համատեքստում նշվել է, որ միջոցառումների պլանը ևս կներկայացվի հանրային քննարկման՝ ակնկալելով զարգացման գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի փորձագիտական աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս