Բաժիններ՝

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ գյուղերը կապահովվեն ոռոգման համակարգով

Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ գյուղերը ոռոգման համակարգով ապահովելու նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։

Ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 92 հազար դոլար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց , որ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի շրջանակում Կոտայքի մարզի Արամուս և Սարալանջ բնակավայրերի ոռոգման համակարգի ապահովման ծրագրին դրամաշնորհի հատկացումը:

«Այն նպատակ ունի ոռոգման նոր խողովակաշարերի տեղադրման միջոցով ապահովել կայուն ջրային ռեսուրսների մատակարարումը երկու համայնքներին, որը կբարձրացնի արտադրողականությունը և կբարելավի գյուղացիների կենսապահովումը՝ Արամուս և Սարալանջ գյուղերում»,- նշեց փոխնախարարը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ ոռոգման համակարգի կառուցումն ուղված է արտադրողականության բարձրացման և գյուղացիների կյանքի որակի բարելավմանը։

«Լիահույս եմ, որ այս օժանդակությունը բարձրացնելու է բնակիչների կյանքի որակը և ապահովելու է նրանց սոցիալական և տնտեսական բարեկեցությունը»,- նշեց դեսպանը։

Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սարգիս Դոլմաջյանի խոսքով՝ վերջին ամիսներին ուսումնասիրել են Կոտայքի մարզի ոռոգման համակարգը։ Գործընկերների հետ տարբեր քննարկումներից հետո ստեղծվել է ծրագրի գաղափարը։

«Նախագիծը նպատակ ունի ոռոգման նոր խողովակաշարերի տեղադրման միջոցով ապահովել կայուն ջրային ռեսուրսների մատակարարումը երկու համայնքներին։ Ծրագրի արդյունքում մոտ 560 տնային տնտեսություն կկարողանա օգտվել ոռոգման ջրից»,- ասաց Դոլմաջյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս