Բաժիններ՝

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ բարեկարգվելու են Շիրակի մարզի դպրոցներն ու մանկապարտեզները

Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծ»-ը՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:

Նախագծի դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին և Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության նախագահ Արսեն Պապոյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կարևորում է հուշագրի ստորագրումը, որով հնարավորություն է ստեղծվում Շիրակի մարզի մի շարք դպրոցներում և մանկապարտեզներում ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ երեխաների կրթության ապահովման համար։

«Կառավարությունը մեծապես կարևորում է հանրակրթության և նախադպրոցական կրթության համակարգում բարեփոխումները և ունի մի շարք հստակ թիրախներ այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը գալիս է աջակցելու կառավարության քաղաքականությանը, որի վերջնական շահառուն մեր երեխաներն են, որոնք հաճախելու են և հաճախում են այդ դպրոցներ և մանկապարտեզներ։ Նրանք հնարավորություն են ունենալու ավելի բարենպաստ պայմաններում սովորել, զարգանալ և դառնալ լավ քաղաքացիներ մեր երկրի համար»,- ասաց Անդրեասյանը։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությանը։

«Ծրագրի շրջանակներում դրամաշնորհ է տրամադրվելու Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միությանը՝ ապահովելու դպրոցների և մանկապարտեզների երեխաների համար ուսուցման և զարգացման բարենպաստ պայմաններ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում, տարեկան շուրջ 3.000 երեխա և ուսանող կօգտվի ծրագրից»,- ասաց պարոն Ֆուկուշիմա Մասանորին:

Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը։ Նրա համոզմամբ՝ ծրագիրը նպաստելու է տարածաշրջանում կրթության որակի բարելավմանն ու երեխաների բարեկեցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս