Բաժիններ՝

Վեճը խաղաղ լուծել չէր ստացվել, և տանտերը խոհանոցային դանակով հարվածել էր 38-ամյա տղամարդուն․․․

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ահազանգ, որ մեկնում են Շենավան գյուղ, որտեղի գազալցակայանում դանակահարված մարդ կա: Մինչ օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` հիվանդանոցից ստացվեց նոր հաղորդում. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել մի տղամարդ:

Շենավանում ոստիկաններն արագ պարզեցին, որ գազալցակայանում դանակահարություն չէր եղել: Դանակահարված տղամարդն ինքն էր ոտքով հասել գազալակայան, շտապօգնություն էին զանգել, և նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Նախաձեռնվեց քրեական վարույթ:

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հիվանդանոցում հայտնեց, որ չի հիշում, թե որտեղ է դանակահարվել: Առաջին դեպքը չէր, որ տուժածը փորձում էր իրավապահներին շեղել, սակայն Արմավիրի համայնքային ոստիկաններին հաջողվեց արագ պարզել իրողությունը:

Վանանդեցի տղամարդն իր մեքենայով գնացել էր Բերքաշատ գյուղի մի տուն, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վեճի էր բռնվել 46-ամյա տանտիրոջ հետ: Վեճը խաղաղ լուծել չէր ստացվել, և տանտերը խոհանոցային դանակով խփել էր 38-ամյա տղամարդուն, նա էլ, չհասցնելով անգամ նստել իր մեքենան, ոտքով փախել էր, հասել Շենավանի գազալցակայան, որտեղից էլ զանգել էին շտապօգնություն:

Բերքաշատ գյուղ հասած իրավապահները հայտնաբերեցին տուժածի մեքենան։ Այն դեռ տեղում էր՝ վնասված վիճակում։

46-ամյա տղամարդը ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին:

Հանցագործության գործիքն առգրավված է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս