Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի լիազորությունները չեն կասեցվի. ԲԴԽ -ն մերժեց դատախազի միջնորդությունը
Այսօր կեսօրին մոտ 168.am-ը տեղեկացրել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա լիազորությունները կասեցնելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Դատախազը ԲԴԽ էր դիմել նախաքննական մարմնի ԱԱԾ -ի դիմումի հիման վրա։
Անի Հարությունյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի զարմուհին է և ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրը, մեղադրվում էր կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեջ։
Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ ` ԲԴԽ -ն մերժել է դատախազի միջնորդություն. Քնի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի նախաձեռնվի, ու նրա լիազորությունները չեն կասեցվի։
Մեր տեղեկություններով ԲԴԽ -ն ոչ թե ասել է, որ նախաքննական մարմնի միջնորդությունը հիմնավոր չէ, այլ պատճառաբանել է, թե դատավորի գործողությունները չեն բխում նրա որպես դատավորի կարգավիճակից, հետևաբար հարցը ԲԴԽ -ի քննարկման տիրույթում չէ։ Կարճ ասած` ԲԴԽ -ն գնդակը նետել է նախաքննական մարմնի դաշտ։ Այս դեպքում նախաքննական մարմինը կկարողանա ինքը մեղադրանք առաջադրել Անի Հարությունյանին։