Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ բարեկարգվելու է Խարբերդի մանկատունը

«Խարբերդի մասնագիտացված մանկատան» բարեկարգման նպատակով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Քեզ համար» հասարակական բարեգործական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։

Ծրագրի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 99 հազար դոլար։

Գայանե Բալասանյան, Նարեկ Մկրտչյան, Մասանորի Ֆուկուշիմա

Լուսանկարները` Տաթև Դուրյանի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ և Ճապոնիայի կառավարությունները պատրաստակամություն են հայտնել խորացնելու իրենց համագործակցությունը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։

«Մենք առիթ ունեցել ենք քննարկելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության միջև գործող համագործակցության շրջանակը, ինչպես նաև դրա հնարավոր զարգացման հեռանկարները։ Մենք համագործակցում ենք Ճապոնիայի դեսպանության հետ տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության ոլորտում, և այսօրվա ստորագրվելիք հուշագիրը մեր ունեցած համագործակցության լավագույն դրսևորումներից մեկն է»,- ասաց նախարարը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Խարբերդ մասնագիտացված մանկատան բարեկարգման դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը։

«Ուրախ եմ հայտարարել, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Խարբերդի մասնագիտացված մանկատունը կապահովվի անհրաժեշտ գույքով։ Արդյունքում՝ շուրջ 236 երեխա կօգտվի ծրագրից։ Ես վստահ եմ, որ երեխաների պաշտպանվածությունը և սոցիալական բարեկեցությունը հանդիսանում են ցանկացած երկրի հիմքը, որոնք ապագայում դառնում են հաջողության և բարեկեցության գրավական։ Հույս ունեմ, որ այս ծրագրի միջոցով, մենք կնպաստենք տարածաշրջանում երեխաների կյանքի որակի բարելավմանը»,- նշեց դեսպանը։

«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ստեղծված է, որպեսզի պաշտպանի սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի խմբերի իրավունքներն ու շահերը։ Նրա խոսքով՝ մշտապես համագործակցել են Խարբերդի մասնագիտացված մանկատան հետ, վերանայել են առկա հիմնախնդիրները։

«Խնդիրները կապված են տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների առօրյա զբաղվածության ապահովման և միջավայրային հարմարությունների հետ։ Հաստատության ներսում, խմբասենյակներում առկա վնասված և հնացած գույքը խոչընդոտում է երեխաների կենսակերպին։ Դա է պատճառը, որ դիմել ենք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրին՝ ներկայացնելով Արարատի մարզի Խարբերդի մասնագիտացված մանկատան բարեկարգման ծրագիրը»,- ասաց կազմակերպության նախագահը։

Ծրագիրը համապատասխանում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ՀՀ ազգային ծրագրին, որն ուղղված է նրանց իրավունքների պաշտպանությանը և կենսապայմանների բարելավմանը։

Տեսանյութեր

Լրահոս