Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավորը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու կոչ է արել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակ Ժակ Լե Նայը լիագումար նիստում հստակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից: Այս մասին նա խոսել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Այս իրավիճակում, որը շատ արագ կարող է հանգեցնել նոր պատերազմի , անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր. առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»,-ընդգծել է պատգամավորը:

Նա հավելել է, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, երկու երկրները պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և գերի չվերցնեն: «Սակայն մամուլը հայտնում է սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն առևանգում ու խոշտանգում հայերին։ Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,-շեշտել է ԵԽԽՎ պատգամավորը:

Այսպիսով` նա կոչ է արել երկու երկրներին արագորեն բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով պատգամավորը կարևորել է, որ Եվրախորհուրդն ամբողջությամբ կատարի իր դերը՝ որպես քննարկման համաեվրոպական հարթակ և քաղաքական երկխոսության միջոցով նպաստի լարվածության թուլացմանը և քաղաքացիների հիմնարար իրավունքները հարգելուն:

«Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, բայց նաև Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը լուծելու համար»,-ասել է նա՝ նկատելով, որ, սակայն, այս հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս