
ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում hոկտեմբերի 7-ին Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։
Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը և կարևորել հանցագործներին պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարցեր, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և դրան նախորդող կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի անցկացման հարցերին։