Ինչ կանի Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո
«Ժողովրդավարությունը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն, և վերջին տարիներին Հայաստանի զարգացումները ողջ աշխարհի կողմից բնորոշվում են՝ որպես ժողովրդավար։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է»,- Ազգային ժողովի (ԱԺ) 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում հայտարարեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը։
Ըստ նրա՝ այդ զարգացման համար անկյունաքարային է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կայացումը։ Եթե դա չկա, ուրեմն չի կարող լինել ժողովրդավարություն։
«Կյանքիս վերջին 24 տարիները պայքարել, գործել եմ, հնարավորինս իմ բոլոր հնարավորություններն օգտագործել եմ, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային, հենց այն գիտակցությամբ, որ միայն այդպես է հնարավոր ունենալ ժողովրդավարական երկիր»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարական զարգացմամբ՝ արդար, թափանցիկ ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է Հայաստանի, մեր պետության ինքնիշխանության, մեր երեխաների՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետությունում ապրելու դեմ։
Ըստ Հովակիմյանի՝ 25 տարում ՀՀ ընտրական համակարգն անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին ՝առավել քան առաջընթաց է ապրել շնորհիվ ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ում գործող քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների, գործող և իր պաշտոնավարումն ավարտող ԿԸՀ-ի:
«Ընտրական համակարգի բարեփոխումներն անընդհատ գործընթաց են… Վերջին տարիներին ընտրական համակարգի նկատմամբ վստահության մակարդակն էապես բարձրացել է, ուստի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և օրենսդիր մարմնի ջանքերը պետք է ուղղված լինեն, որպեսզի այդ վստահելիությունն էլ ավելի բարձրանա, ընտրական համակարգի բարեփոխումները պետք է անընդհատ լինեն»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ընտրական բարեփոխումների առանցքում պետք է շարունակի մնալ ընտրական գործընթացների թափանցիկության էլ ավելի զարգացումը, որպեսզի ՀՀ քաղաքացին չկասկածի, թե իր քվեն կարող է կորել, որ իր մեկ քվեով է որոշվելու, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպիսի ներգրավվածություն է ունենալու պետական և տեղական ինքնակառավարման գործընթացներում:
«Հաջորդ խնդիրը, որ պետք է լինի բարեփոխումների առանցքում, ընտրական համակարգի թվայնացման շարունակականությունն է։ Քաղաքացիների, կազմակերպությունների համար այն ավելի մատչելի և հասանելի պետք է լինի։ 3-րդ խնդիրը, որը հնարավոր է լուծել օրենսդրական լուրջ բարեփոխումների միջոցով, ընտրական ցուցակների շուրջ բանավեճի հանգուցալուծումն է։ Ըստ էության լուծումը կարող է լինել Հայաստանի պետական կառավարման համակարգի թվայնացման գործընթացի շնորհիվ, որպեսզի դրա արդյունքում հնարավոր լինի ճշգրտել ընտրական ցուցակները։ Մեր ընտրական օրենսդրությունը հնարավորինս լայն կիրառվել է, և իրավակիրառին լայն հնարավորություն է տվել, որ որևէ ընտրող դուրս չմնա ընտրական ցուցակներից: Բայց տասնամյակներ շարունակ հարց է հնչում՝ արդյո՞ք ընտրական ցուցակներում կան ընտրողներ, որոնք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, բայց այդ մասին իրավական արձանագրում չկա, այսինքն՝ թաքցվել է այն փաստը, որ իրենք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, բայց այդ մասին որևէ իրավական արձանագրում տեղի չի ունեցել, թեև որոշակի ժամանակը մեկ թարմացրել են իրենց անձը հաստատող փաստաթուղթը»,- իր ելույթում կարևորել է Վահագն Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյանի բնորոշմամբ՝ գործող օրենսդրությունը չի տալիս այս հարցի պատասխանը, ուստի բարեփոխումների տրամաբանությունը պետք է միտված լինի սրան։
Անդրադառնալով այն հարցին, որ Սահմանադրությունն արգելում է ԿԸՀ անդամին և նախագահին կուսակցական լինել, Վահագն Հովակիմյանը նշել է.
«Այս բարձր ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ընտրվելու դեպքում ջանք չխնայել՝ նպաստելու, որպեսզի ՀՀ-ում ժողովրդավարությունը զարգանա և կայանա։ Ըստ այդմ՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ ՀՀ-ի և ընտրական համակարգի վստահելիության և հեղինակության բարձրացման, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային։ Սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում և գիտակցում եմ նաև այն քննադատությունը, որ իմ թեկնածության շուրջ այս օրերին հնչել է: Այս հայտարարությունն անում եմ ընդառաջ այն քննադատությանը, որն այս օրերին հնչել է»,- իր ելույթը եզրափակել է Վահագն Հովակիմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում