Բաժիններ՝

Krisp-ի համահիմնադիրը Հայաստանում արհեստական բանականությունը զարգացնելու համար ներդրումների կարիք է տեսնում

Հայաստանում արհեստական բանականությունը զարգացման սաղմնային փուլում է։ Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում «Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին նշեց Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Եթե արհեստական բանականությունը համեմատենք ստարտափների հետ, կարող ենք փաստել, որ այն զարգացման սաղմնային փուլում է։ Կան որոշակի գիտական խմբեր, ընկերություններ, որոնք արդեն ունեն տեխնոլոգիաներ, հաճախորդներ, բայց այն չի հասնում մեծ մասշտաբների, դրա համար պետք է անընդհատ ներդրումներ կատարել»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը դառնում է աշխարհի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը՝ հնարավորություն տալով ավտոմատացնել շատ պրոցեսներ, խնայել ժամանակ և գումար բոլոր ոլորտների համար։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը չունի տարբերակ այդ ճանապարհից դուրս մնալու համար։

«Ներկա պահին արհեստական բանականությունը չի կարող բացասական անդրադարձ ունենալ Հայաստանի վրա։ Տեսնում եմ մարտահրավերներ․ պետք է ներդրումներ անել, նոր գիտնականներ և ինժեներներ ներգրավել։ Այս պահին ամենաշատը դրա պակասը կա»,-նշեց նա։

Մինասյանը այն համոզմունքին է, որ արհեստական բանականությունը մարդու օգնականն է, ոչ թե նրան փոխարինողը։

«ՏՏ ոլորտում կան ուղղություններ, որոնք կավտոմատացվեն՝ նոր աշխատատեղեր ստեղծելով։ Սակայն, օրինակ, արտադրության, հաշվապահության, իրավաբանական ոլորտներում տարբեր աշխատանքներ կան, որոնք լրիվ ենթակա են ավտոմատացման ու ավտոմատացվելու են»,-եզրափակեց Մինասյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս