
Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի 70- ամյակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։
Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։
Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»: