Նոր միավորների հետևից․ «Փյունիկ»-«Ժալգիրիս»
Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում այսօր հայկական «Փյունիկը» կհյուրընկալի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»: Խաղը տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:45-ին։
«Փյունիկը» ներքին առաջնությունում միայն չորրորդ հորիզոնականում է՝ ութ տուրում արդեն կրելով երեք պարտություն։ Այդուհանդերձ, թիմը վերջերս ջախջախեց բավականին ուժեղ «Ալաշկերտին» (5:1): Կոնֆերենցիաների լիգայում խմբային փուլը սկսվեց «Բազելից» կրած հիասթափեցնող պարտությամբ (1:3), բայց տնային խաղում հայկական ակումբը 2։0 հաշվով հաղթել է «Սլովանին»։ Թիմը տանը բավականին լավ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ վերջերս էլ գերազանց ֆիզիկական պատրաստվածություն է ձեռք բերել։
Հայկական թիմը չունի ֆիզիկական, հոգեբանական և տակտիկական խնդիրներ, ֆուտբոլիստները կազմ և պատրաստ են հանդիպմանը։ Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշում է, որ իրենք լավ ուսումնասիրել են մրցակից թիմին, գիտեն նրա ուժեղ և թույլ կողմերը։ Մելիքյանի խոսքով՝ իրենք ցանկանում են միայն հաղթել, և երկրպագուների դերն այդ գործում մեծ է։ Մարզիչը նշում է, որ մրցակցի դաշտում իրենք զգում են երկրպագուների ճնշումը, և կցանկանան, որ մրցակիցները ևս ճնշում զգան։
«Ժալգիրիսը», իհարկե, Լիտվայի առաջնությունում շրջանցում է բացարձակապես բոլորին՝ ոչ միայն առաջ անցնելով հարմարավետ տարբերությամբ, այլև ունենալով ևս մի քանի բաց թողնված հանդիպում։ Վերջերս թիմը կարողացավ գերազանցել իր անմիջական մրցակիցներից մեկին՝ 1:0 «Սուդուվայի» դեմ խաղում։
Կոնֆերենցիաների լիգայում ամեն ինչ մի փոքր ավելի վատ է, սակայն ոչ-ոքին Բրատիսլավայի Սլովանի հետ (0:0) մի փոքր լրացրեց ակտիվը: Այս թիմը ևս պարտություն կրեց «Բազելից» (0:1):
«Ժալգիրիսի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Չեբուրինը կարծում է, որ իրենց անցկացրած խաղերից շատ բան է կախված, և խաղը բավականին հետաքրքիր կլինի։
Չեբուրինի կարծիքով՝ այս խաղում ֆավորիտներ չկան, իսկ իրենց նպատակը բոլոր խաղերում հաղթելն է։
Լիտվական թիմը ծանոթ է «Փյունիկի» ագրեսիվ խաղին՝ հատկապես հարձակման գծում, և անելու է այնպես, որ Մելիքյանի սաները շատ խաղան պաշտպանությունում։
«Ժալգիրիսի» կազմում լուրջ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան։
Սիրարփի Աղաբաբյան