Բաժիններ՝

Արհեստական բանականությունը՝ նաև հետազոտական, փորձարարական աշխատանքներում. թեման՝ GIF-ի քննարկման հարթակում

Աշխարհում արհեստական բանականության կիրառության ոլորտներն ընդլայնվում են:

Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում քննարկվեց նաև արհեստական բանականության կիրառությունը հետազոտական, փորձարարական աշխատանքներում և շատ այլ ոլորտներում:

«Մենք փորձում ենք հասկանալ ԴՆԹ-ները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսը և ԴՆԹ-ն, որը ձևավորվել է կորոնավիրուսի ազդեցության տակ, հասկանալ տարբերությունները, իրականացնել հետազոտություն և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Նոր մեթոդներ կան, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ տվյալները, ավելի արդյունավետ կերպով շարունակել հետազոտությունը, ընտրել ամենախոստումնալից ուղղությունները»,-ասաց Amazon Web Services-ից Սայրուս Մոազաի-Վահիդը:

Իսկ թե արհեստական բանականությունն ի՞նչ դեր կարող է ունենալ սննդի մատակարարման հարցում՝ պատասխանեց «Գլովո»-ից Նարեկ Վերդյանը:

«Կան ինքնուսույց ալգորիթմներ, որոնք իրենք իրենց են սովորում՝ ելնելով այն տվյալներից և փորձից, որոնք կուտակում են ժամանակի ընթացքում, և ըստ այդմ փորձում են ինքնուրույն գտնել ալգորիթմներ, թե քանի առաքիչ է պետք լինելու, որ ուղղությամբ պետք է շարժվեն, ինչ մեքենաներ պետք է լինեն, ինչքան ժամանակում պետք է առաքումը կատարվի: Մենք տարբեր շուկաներում փորձում ենք փորձարկել արհեստական բանականությունը»,-ասաց նա:

Վերդյանը նշեց՝ տարբեր տեղերում փորձում են իրենց հարթակին կապել փոքր առևտրականներին, որոնք օրական վաճառում են 10 ապրանք, սննդի 10 առաքում են կատարում, հետո տեսնում են, որ նրանք 1 ամիս հետո սկսում են օրական վաճառել 200 ապրանք, և իրենք փորձում ենք հասկանալ, թե այդ ալգորիթմներն ինչքանո՞վ են նպաստել դրան: Հետո ստացված տվյալների հիման վրա փոխում են ալգորիթմները:

Stripe-ի պրոդուկտների ղեկավար Փոլ Չոնգն էլ նշեց, որր իրենք վերջին 5 տարիների ընթացքում փորձում են արհեստական բանականության միջոցով օպտիմալացնել տեխնոլոգիաները: «Մենք փորձում ենք անհատական մոտեցում ցուցաբերել մեր սպառողներին, այն, ինչ հնարավոր չէր անել արհեստական բանականության դարաշրջանից առաջ, հիմա հնարավոր է»,-ասաց նա:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31