Երանուհի Թումանյանցը երկրի կայուն զարգացումը պայմանավորում է իրավական անվտանգությունն ապահովելու գործիքակազմերով

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցը վստահության քվե ստանալուց հետո խոստանում է անմնացորդ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետությունում անկախ և հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն կայացնելու ուղղությամբ: «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առնչվել եմ անարդարությանը: Մեր երկրի կայուն զարգաումը մենք մեծապես պիտի պայմանավորենք երկրի իրավական անվտանգությունն ապահովելու գործիքակազմերով»,-այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց Թումանյանցը:

Նա նշեց, որ այդ գործիքակազմերի կիրառման համար կան «մարտիկներ»: «Դրանք շուրջ 300 դատավորներն են, որոնք այսօր կան և ես իսկապես ուզում եմ խոսել այն լավ դատավորների մասին, ովքեր կան, ովքեր մշտապես քրտնաջան աշխատել են անգամ այն բարդ ժամանակահատվածում, որ մենք ունեցել ենք»,-ասաց Թումանյանցը:

Նա մեծապես կարևորեց իրավական անվտանգության ապահովումը:

«Դրան մենք կարող ենք հասնել, եթե ունենանք պատասխանատու, արժանապատիվ դատավորներ, որոնք կունենան մարդկային և մասնագիտական այնպիսի որակներ, որոնք կարմատավորեն վստահությունը և հավատը ի արդարություն»,-ընդգծեց ԲԴԽ անդամի թեկնածուն:

ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությունը կանցկացվի ժամը 14:00-ից մինչ 15:00-ն: ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս