Փաշինյանը թիմակիցներին զգուշացրել է, որ շատ չոգևորվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։ Հիմնականում թեմաները տիրաժավորվում են այն կտրվածքով, որ ներկա իրավիճակում ամենահավատարիմ դաշնակիցը ԱՄՆ-ն է, մեր հույսն այդ երկրի հետ պետք է կապենք և այլն։ Թեման լայնորեն շրջանառվում է արևմտյան կողմնորոշում ունեցող հարթակներում։ Այս հարցում, բնականաբար, բավական ավտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը. այստեղ խիստ ոգևորված են ամերիկացիների վերջին շրջանի ակտիվությունից։

Ավելին, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ մասին անգամ բաց տեքստով է ասել, թե «Հայաստանն ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան Ռուսաստանից»։ Այս «ալիքն» աննկատ չի մնացել ռուսաստանյան լրատվականների «աչքից», և բավական բուռն անդրադարձ կա թեմային։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ խմբակցության հետ վերջին հանդիպման, ինչպես նաև առանձին զրույցների ժամանակ նշված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է անտեղի չոգևորվել և առանձնապես մեծ հույսեր չկապել Արևմուտքի հետ, քանի որ հայտարարություններից և կոչերից այն կողմ գործնականում ոչ մի առարկայական արդյունք չկա. նա հստակ ակնարկել է, որ ոչինչ չի ստացվում, Արևմուտքի նպատակը ոչ թե իրապես Հայաստանին օգտակար լինելն է, այլ տարածաշրջանում իրենց ներկայությունն ավելացնելը և Ռուսաստանին ու Իրանին վնասելը:

Նա նաև նշել է, որ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չեն կարողանում ստանալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները»:

Տեսանյութեր

Լրահոս