Անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից. Կոպիրկին
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողի դիտարկմանը, որ այդ քայլերի մեծամասնությունը անհայտ են հասարակությանը և հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիքի ֆոնին ժամանակը չէ՞ բարձրաձայնելու այդ քայլերը և նշելու, թե կոնկրետ ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանը, Կոպիրկինը պատասխանեց, որ շատ բան հայտնի է, թե ինչ է ձեռնարկվում Ռուսաստանի կողմից, որովհետև աշխատում է լավ հայտնի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա:
«Դա, փաստացի, առաջ քաշած խնդիրներ են, որոնց լուծման դեպքում բոլոր կողմերի կարծիքով կլինի խաղաղություն և զարգացում: Մենք այդ ձևաչափերը գնահատում ենք, մենք մեծ կարևորություն ենք տալիս դրանց՝ չնայած խնդիրներին և մարտահրավերներին: Մենք ելնում ենք նրանից, որ դա բոլոր կողմերի շահերից է բխում: Եվ հայկական կողմից, և ադրբեջանական կողմից քաղաքական կամք կա: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափերով»,- ասաց Կոպիրկինը:
ՌԴ դեսպանը հիշեցրեց նաև Ռուսաստանի ներկայությունը սահմանի «խնդրահարույց» շրջաններում:
«Մեր զինվորականները, մեր խաղաղապահները, մեր սահմանապահները երկու կողմերի հետ գտնվում են կապի մեջ: Նրանք այստեղ աշխատում են և գործում են, և դա ևս կարևոր գործոն է կայունության ապահովման և հետագա էսկալացիան զսպելու համար: Միշտ ընթանում են քաղաքական երկխոսություններ և երկկողմ ձևաչափերով, և եռակողմ ձևաչափով: Կան պարբերական շփումներ, նաև բարձր մակարդակում: Այսինք՝ դրանք համալիր քայլեր են և միջոցներ, որոնք ուղղված են նրան, որպեսզի իրավիճակը իսկապես չվատանա և , ի վերջո, առաջընթաց լինի անհրաժեշտ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- նշեց Կոպիրկինը:
Կոպիրկինը հավելեց, որ անհիմն են շահարկումները, թե Ռուսաստան երես է թեքում տարածաշրջանից ու Հայաստանից: «Պաշտոնապեսև հստակ հայտարարում եմ, որ դա ավելին է, քան սպեկուլյացիան»,- ասել է դեսպանը: