
Նախարարությունն առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների եկամտային հարկի մի մասը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, որովհետև ոլորտն արտահանող ոլորտ է, զբաղված է հիմնական ծառայությունների արտահանմամբ, և դրամի ուժեղացումը խիստ բացասաբար է անդրադառնում»,-ասաց Քերոբյանը:
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է նախագիծ, այն գտնվում է շրջանառության մեջ, մոտ օրերս կմտնի կառավարություն՝ քննարկման:
«Մենք առաջարկում ենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի հետվերադարձ անել IT ոլորտի ընկերություններին՝ դրանով փոքր-ինչ կոմպենսացնելով նրանց կրած վնասները»,-ասաց նախարարը:
Այս առումով նախարարությունը սեկտորի ընկերությունների հետ համաձայնություն ունի, հիմա պետք է հարցը քննարկեն կառավարության գործընկերների հետ: